Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն օգոստոսի 30-ին նամակ է ուղարկել ընտանիքին: Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմել է նրա դուստրերից Ծովինար Խաչատրյանը:
«Գրել էր՝ Ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք, բարևեք բոլորին: Այժմ գիտենք, որ դեղեր է խմում՝ առավոտյան և երեկոյան: Ասում են՝ առողջական վիճակը նորմալ է: Կարմիր խաչն ամիսը մեկ անգամ այցելում է, դեռ երկրորդ այցելության ժամանակը չի եկել»,- ասել է Ծովինար Խաչատրյանը:
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։ Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։