Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ ԼՂ պաշտպանելու, սակայն չի կատարում դրանք, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Պատասխանելով մեղադրանքին, թե իշխանությունը փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները, Գրիգորյանը ասել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ համագործակցությունը սկսել է ավելի վաղ, երբ սկսել է 5 միլիարդ դոլարից ավել զենք վաճառել Ադրբեջանին 2011 թվականից, հետևաբար դա շարունակվել է 12-13 տարիների ընթացքում։
«Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն և Ռուսաստանի նախագահի ստորագրություն։ Այսինքն, այդ ստորագրությունից կարևոր բան կա՞։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, և ՌԴ խաղաղապահները պարտավորություն ունեն Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու և նրանք այդ պարտավորությունը չեն կատարում»,- ասել է նա:
Գրիգորյանն ընդգծել է՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղ վրա, սակայն ՌԴ խաղաղապահները գործողություններ չեն իրականացնում, հայտարարություն են տարածում, թե մի քանի րոպե առաջ են իմացել:
«Իրականության մեջ սեպտեմբերի 4-ից սկսած միջազգային հանրությանը տեղյակ ենք պահել։ Գիտեք, որ վարչապետ Փաշինյանը նաև նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իրավիճակը ամբողջությամբ նկարագրվել է։ Եվ նրանք ունեն ստորագրությամբ պարտավորություն և դրանք պետք է դա կատարեն»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի համատեղ զորավարժությանը, Հռոմի ստատուտի վավերացման մտադրությանը, ապա Գրիգորյանի խոսքով՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերը որևէ քայլ չի կատարվել:
«Եվ ունեցել ենք հարձակում Սոթք-Խոզնավարի վրա 2021 թվականի մայիսին, և նոյեմբերին: Փաստերին նայելով՝ ՌԴ-ն իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ չի կատարել: Այդ ժամանակ էլ Պրահայի հայտարարություն չի եղել: Ինչո՞ւ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանի սահմանները»,- ասաց Գրիգորյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: