Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ վերջիններս փորձ են կատարել Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով, Լեռնային Ղարաբաղից տարհանել կանանց և երեխաներին, բաց աղբյուրների տվյալներով հայտնել է ՀՀ ՄԻՊ-ը:
Նրա տվյալներով՝ Արցախում հրետակոծությունների հետևանքով այս պահի դրությամբ կան 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել են շենքեր, բակերում կայանված մեքենաներ, տներ։ Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապ օգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ութ անձանց մարմինները տեղափոխելու համար:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Oգտագործվում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է 27 զոհի և 200 վիրավորների մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: