Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին՝ նշելով, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԼՂ շուրջ ստորագրված տեքստի ձևավորմանը ՀՀ-ն որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտնել էր, որ Արցախում շատ ծանր իրավիճակ է, մարդիկ սոված-ծարավ փողոցներում են։
ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գնդակոծության էր ենթարկվել նաև ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են (զոհերի թիվը չի նշվել)։