Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Armenia Today-ի հետ զրույցում հերքեց Ադրբեջանի ԶՈւ-ի՝ Ստեփանակերտ մտնելու մասին տեղեկությունը:
«Ստեփանակերտի արվարձանային թաղամասերից մեկում, իրենց և մեր դիրքերի միջև եղել է փոխհրաձգություն: Դա դարձրել են մատի փաթաթան, սկսել տարածել ինչ-որ ֆեյք նորություններ: Ես Ստեփանակերտի կենտրոնում կանգնած՝ մեկը գալիս ու ասում է՝ ադրբեջանցիները մտել են ԱԺ»,- պատմեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ փոխհրաձգությունը տևել է 15-20 րոպե: Այս պահին հարաբերական հանգիստ է «պաշարված երկրի պաշարված մայրաքաղաքում»:
Բաբայանը նշեց, որ իրավիճակն Արցախում, ինչ խոսք, գերծանր է, Արցախը, նրա մայրաքաղաքը պաշարված վիճակում են, սակայն խնդրեց զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց:
Այսօր ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Եվլախում այսօր տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանը բանակցություններում ներկայացրել է պատգամավոր Ռամին Մամեդովը։