Իտալիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Անտոնիո Տայանին Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հռոմի միջնորդությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Այդ մասին նա լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում:
«Երեկ ես հանդիպել եմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ և նրանց առաջարկել իտալական միջնորդություն, մասնավորապես՝ հանդիպում Հռոմում»,- ասել է նա։
Ըստ Տայանիի՝ սեպտեմբերի 19-ին նա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին հրավիրել է դիտարկել Իտալիայի հյուսիսարևելյան Տրենտինո-Ալտո Ադիջե ինքնավար մարզում գործող հակամարտությունների կարգավորման մոդելը, որտեղ գերմանական ծագումով բնակիչներն ստացել են հատուկ իրավական երաշխիքներ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023թ․ սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Եվլախում այսօր տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանը բանակցություններում ներկայացրել է պատգամավոր Ռամին Մամեդովը։