Ադրբեջանը մի քանի ամիս բանակցություններ է վարել Իտալիայի հետ սպառազինություն գնելու շուրջ, սակայն Արցախի նկատմամբ ագրեսիայի ֆոնին պայմանագրերն այս պահին սառեցված են, TASS-ի փոխանցմամբ՝ գրում է La Repubblica թերթը։
Նրա տեղեկություններով՝ Բաքուն խնդրել է ուսումնական ինքնաթիռներ, ինքնաձիգներ, հրետանային ինքնագնաց կայանք, սուզանավեր, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 1-2 մլրդ եվրո: Ըստ աղբյուրի՝ բանակցություններն ընթացել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։
Այդուհանդերձ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններն այժմ խնդիր են ներկայացնում Իտալիայի կառավարության համար։
Բոլոր պայմանագրերը մինչ օրս արգելափակված են Իտալիայի՝ UAMA-ի հատուկ գերատեսչության թույլտվության բացակայության պատճառով։ Թերթը գրում է, որ 1992 թվականի կանոնների համաձայն՝ զենքը չի կարող վաճառվել ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրին։ Այդ պատճառով, ըստ աղբյուրի, Բաքուն սկսել է այլընտրանքային արտադրողներ փնտրել Թուրքիայում և Իսրայելում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է եղել Եվլախում, որն ավարտվել է։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Բաքուն Երևանին է հանձնել խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նա հայտնել է, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։