Ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներից ոստիկանության տարբեր բաժիններ են բերման ենթարկվել 46 քաղաքացիներ, Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Ակցիայի մասնակիցներից ոստիկանություն է բերվել 46 անձ, վարչական իրավախախտումների մեղադրանքով։ Այլ մանրամասներ այս պահին ասել չեմ կարող»,- ասաց նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Երևանում սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունը պարբերաբար փակում է Հանրապետության հրապարակ և կառավարության շենք տանող կենտրոնական փողոցները։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել է ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 21-ի ցերեկը ընդդիմության հանրահավաքի ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից նմեկն այլ երկրի քաղաքացի է եղել, 9-ը՝ Արցախի, մնացածը՝ Հայաստանի, երկուսն էլ՝ անչափահաս։