Բաքուն դիտարկում է Լեռնային Ղարաբաղում զենքերը վայր դրած հայերի համաներումը, Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Նույնիսկ նախկին զինվորականների և մարտիկների համար, եթե նրանք կարող են դասակարգվել որպես այդպիսին, մենք համաներում ենք տրամադրում», – բացատրել է Հաջիևը:
Նա վստահեցրել է, որ Ղարաբաղի հայերի իրավունքները կհարգվեն Ադրբեջանին ինտեգրվելու շրջանակներում։ Ադրբեջանի ղեկավարի օգնականը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը խնդրել են մարդասիրական աջակցություն, ինչպես նաև վառելիքի և բենզինի մատակարարումներ։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 23-ին հումանիտար օգնության երեք խմբաքանակ կհասցվի Լեռնային Ղարաբաղ։
«Այս պահին մենք տեսնում ենք որոշ առանձին զինված խմբերի և սպաների հրապարակային հայտարարություններ, որ նրանք չեն համաձայնի մեր պայմաններին և շարունակելու են դիմադրել։ Բայց մենք չենք կարծում, որ սա կլինի ամենամեծ խնդիրը կամ անվտանգության խնդիր: Իհարկե, դա որոշակի խնդիրներ ու դժվարություններ կառաջացնի, բայց ոչ մեծ մասշտաբով»,- եզրափակել է Հաջիևը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Եվլախում սեպտեմբերի 21-ին տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանը բանակցություններում ներկայացրել էր պատգամավոր Ռամին Մամեդովը։