Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։
Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել էին մի շարք կենտրոնական փողոցներ, բերման էր ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ինչպես նաև տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։
Կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին։
Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրավիճակն էապես տարբերվում է «Փրկության» ու «Դիմադրության» շարժումների ժամանակ առկա իրավիճակից։ «Առաջին դեպքում մարդկանց մեծ մասը շփոթված էր և կողմնորոշված չէր։ Երկրորդ դեպքում՝ Փաշինյանը հանրության մեջ որոշակի կշիռ ուներ։ Այժմ ես չեմ ասի, որ ժողովրդի մեծ մասը մեր կողմն է, բայց ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլի դեմ է։ Այս անգամ նա չի կարող խուսափել պարտությունից»,- ասել էր նա։
Երեկոյան Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր սեպտեմբերի 23-ի և 24-ի պլանները և հայտնել գործողությունների հաջորդականությունը․ «Վաղը բոլոր այն խմբերը, ովքեր արդեն կազմակերպված են, քաղաքի և մարզերի տարբեր տեղերում, տարբեր ժամերի իրականացնում են հետևյալ գործողությունները՝ հավաքներ, քարոզչություն, երթեր, փողոցներ փակել, իսկ նրանք, ովքեր նոր են միանում, իրականացնում են կազմակերպչական աշխատանքներ՝ անդադար կապի մեջ լինելով մեզ հետ։ Որպես անհամաձայնության արտահայտություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ դիրքորոշումներն արտահայտող պաստառներով շրջել մարդաշատ վայրերով, ցեղասպան քաղաքականություն վարող պաշտոնյանների հանդիպելիս արտահայտել հստակ քաղաքացիական դիրքորոշում, չչեղարկված հանրային կամ փակ միջոցառումների ժամանակ իրականացնում ենք բողոքի ակցիաներ: Կիրակի օրը՝ ժամը 18։00-ին, հավաքվում ենք այստեղ (Հանրապետության հրապարակ) և մենք կնշենք, թե ինչ պետք է արվի հետագա քայլերի, գործողությունների առումով»,- ասել էր նա։
Ակցիան եզրափակվել էր երթով, որն իրականացվել էր Ամիրյան և Մաշտոց-Սարյան փողոցներով, Վազգեն Սարգսյան փողոցով դեպի քաղաքապետարան, Խանջյանով դեպի վերև և Սասունցի Դավիթ փողոցով դեպի ներքև՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ի բողոքի գործողությունների ընթացքում՝ վարչական իրավախախտումներ իրականացնելու համար, ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 98 անձ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։