Ամերիկացի կոնգրեսականները՝ սենատոր Գարի Փիթերսի (դեմոկրատ, սենատոր Միչիգանից) գլխավորությամբ, ժամանել են Հայաստան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այցելելու Սյունիքի մարզ, հայտնում է ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունը։
Պատվիրակության այցը կտևի սեպտեմբերի 22-25-ը։ Այցի ընթացքում Փիթերսը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։ Կողմերը կքննարկեն հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների ազդեցությունը ԼՂ հայ բնակչության վրա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը սեպտեմբերի 21-ին կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։