Արդեն 5-րդ օրն է Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր քաղաքացիներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում, հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
«Հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են։ Ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են ով ինչպես կարողանում է»,- նշել է Արցախի հանրայինը:
Արցախցիների խոսքով՝ նրանք իրենց փոքր-ինչ անվտանգ են զգում ռուս խաղաղապահների կողքին և այդ պատճառով է, որ չեն ուզում լքել օդանավակայանի տարածքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։