Կարմիր խաչի ուղեկցությամբ ՀՀ-ից շտապօգնության 23 մեքենա անցել է Հակարիի կամուրջը, նրանք Հայաստան են տեղափոխում Արցախում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարութունից։
«Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը»,-հայտնում են նախարարությունից։
Տեղեկանցնում են, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։