ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Յուրի Քիմն այսօր կժամանեն Հայաստան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տեղեկություններով՝ Փաուերը կլինի USAID-ի առաջին ղեկավարը, որը կայցելի Հայաստան և կվերահաստատի իր գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև «խորը մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ և կքննարկի հումանիտար ճգնաժամի դեմ ուղղված միջոցառումները»։
ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բխող մարդասիրական կարիքները բավարարելու հանձնառությանը»,- ավելացրել է Reuters-ը:
Սեպտեմբերի 14-ին Միացյալ Նահանգների Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ Քիմը խոսել է Հայաստանին պաշտպանական և անվտանգության աջակցության ավելացման անհրաժեշտության մասին։ «Մենք պետք է մեծացնենք Հայաստանին տրամադրվող աջակցության չափը՝ լինի դա զարգացման աջակցություն, լինի դա պաշտպանական գործընկերություն, լինի դա անվտանգության գործունեություն և ընդլայնենք այն այնքան, որ ընդունելի լինի հենց հայերի համար»,- նշել է նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր՝ սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում էր տեղի ունեցել Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ավելի ուշ, պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել էր, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։