Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի՝ ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, հայտնել է Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
«Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս ծանր պահին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վրացական մամուլում ու սոցիալական հարթակներում տեղեկություն էր տարածվում, թե Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից ոմանք Օսեթիայում և Աբխազիայում բնակվելու ցանկություն ենք հայտնել։ Տեղեկությունը մի շարք օգտատերերի քննարկման ու շահարկման առարկան է դարձել վերջին օրերին: Ի պատասխան հնչել են անգամ Ջավախքի հայությանը նույն ճակատագրին ենթարկելու կոչեր:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։