Ըստ իրավիճակի՝ ՀՀ կառավարությունը կարող է ընդլայնել միջոցառումների շրջանակը և Արցախից տեղահանված ոչ միայն 40 հազար ընտանիքի, այլ բոլոր քաղաքացիների խնդիրները հասցեագրելու միջոցներ կձեռնարկի, Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
«ՀՀ կառավարությունը նախապես հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել 40 հազար ընտանիքի, բայց, ըստ իրավիճակի, կարողությունները կարող են մեծացվել, և ԼՂ-ից տեղահանված բոլոր քաղաքացիների խնդիրները հասցեագրելու համար լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկվեն»,- շեշտեց Սարգսյանը։
Նա ներկայացրեց Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում հիմնված հումանիտար կայաններում ընթացող աշխատանքները, խոսեց Արցախից տեղահանվածների առաջնային կարիքների մասին։
«Կոռնիձորի հումանիտար կայանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիները հաշվառվում են, գրանցում է կատարվում, այնուհետև նրանց առաջնային կարիքների գնահատում է իրականացվում։ Ըստ անհրաժեշտության՝ տրամադրվում է նաև առաջին բուժօգնություն, ինչպես նաև հոգեբանական աջակցություն։ Այս գործընթացում ներգրավված բոլոր պատկան մարմինները 24-ժամյա ռեժիմով աշխատում են։ Այն քաղաքացիները, որոնք ունեն կեցության խնդիր, այստեղից ուղղորդվում են Գորիսի կոորդինացիոն կենտրոն, և այնտեղից ապահովվում է վերջիններիս կացարանը»,-նշեց նա։
Վարդան Սարգսյանը հայտնեց նաև, որ այս ամբողջ ընթացքում քաղաքացիների հոսքը չի դադարում՝ ընդգծելով, որ նրանց բոլոր կարիքները հասցեագրվում են։
Հարցին՝ այս ընթացքում ի՞նչ փուլում են կացարանով ապահովելու գործընթացները՝ հաշվի առնելով օրեր առաջ արված այն հայտարարությունը, որ միայն Սյունիքով չեն սահմանափակվելու, Սարգսյանը նշեց․ «Այո՛, կացարանով ապահովելու գործընթացը Սյունիքով չի սահմանափակվելու։ Ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիների տեղակայումն իրականացվում է նաև այլ մարզերում»։
Սարգսյանը հստակ թվեր չասաց, թե, մասնավորապես, Գորիսում այս պահին քանի կացարան է նախատեսված և որքան ժամանակով է տրվելու բռնի տեղահանված արցախցիներին։
«Քանի որ գործընթացը բավականին դինամիկ է, և անընդհատ թվերը փոփոխվում են, հստակ թվեր չեմ կարող ասել։ Բայց, ամեն դեպքում, մինչև այս պահը կացության խնդիրներ ունեցող քաղաքացիներին տրամադրվել է համապատասխան բնակավայր»,- ասաց նա։
Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանվածների ամենաառաջնային խնդիրներին՝ Սարգսյանը շեշտեց․ «Հաշվի առնելով այն բարդությունները, որոնց միջով բռնի տեղահանվածներն արդեն Հայաստան են հասնում, խնդիրներն, իրականում, բազմաշերտ ու տարբեր են։ Շատերն ընտանիքներով են, կան տարեցներ, կանայք։ Անկեղծ ասած՝ որևէ խնդիր չէի առանձնացնի, բայց քաղաքացիներն այստեղ գալով՝ ամենատարբեր խնդիրներն են ունենում, ու, ըստ հնարավորության, բոլորի խնդիրներին փորձ է արվում լուծում տալ»։
Սեպտեմբերի 22-ին կառվարության նիստի ժամանակ, ինչպես նաև ավելի վաղ արված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ընդունել ԼՂ-ից տեղահանված 40 հազար ընտանիքի։ Նա հայտնել էր, որ ավելի քան 40 000 կացարան է նախապատրաստվել։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բադալյան