Ժամը 15։00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50 243 անձ, հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ընդ որում պետությունն այս պահի դրությամբ հոգացել է շուրջ 5 700 անձի կեցության հարցը:
«Այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին ունեն կեցության խնդիր, այդ հարցը լուծվում է պետության կողմից։ Մնացած քաղաքացիները ուղևորվել են իրենց ընտրած կեցության վայրեր։ Հորդորում եմ, այնուամենայնիվ, հաշվառվել այն վայրերում, որտեղ հաստատվել են, քանի որ ՀՀ բոլոր մարզերում գործում են տարբեր խմբեր»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ հաշվառումն անհրաժեշտ է հետագայում հումանիտար օգնությունը նպատակային օգտագործելու համար:
Ինչ վերաբերվում է ՀՀ բժշկական կենտրոններ տեղափոխված արցախցի բուժառուներին, ապա այս ժամի դրությամբ ևս 74 բուժառու է տեղափոխվել ՀՀ: Ըստ Բաղդասարյանի՝ ընդհանուր թիվը այսպիսով կազմում է 311: Դուրս գրված քաղաքացիներ դեռևս չկան, նշեց նա:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, բայց Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը և երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կրկին խախտել էր հրադադարը։
Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Եվլախում տեղի ունեցած բանակցությունները կարող են հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Սեպտեմբերի 21-ին ավելի ուշ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ Ստեփանակերտի՝ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։