ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի 96 անդամներից բաղկացած երկկուսակցական խումբը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել կիրառել իրենց հայեցողական լիազորությունները՝ համաձայն Գլոբալ Մագնիտսկու ակտի և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությունը դաժան շրջափակման և հարձակումների համար, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
«Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի Լեռնային Ղարաբաղի շրջափակման և հարձակման ժամանակ իր գործողությունների համար։ Մենք պահանջում ենք, որ գործադրենք Գլոբալ Մագնիտսկու ակտի ներքո գործող լիազորությունները և նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանենք Ալիևի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են կամ մասնակցել են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների ոտնահարմանը», – ասվում է ԱՄՆ օրենսդիրների նամակում։
Նրանք ընդգծել են, որ այդ գործողությունները կոպտորեն խախտում են մարդու իրավունքները և ուղղակի հակասում են ամերիկյան արժեքները և ԱՄՆ շահերը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։