Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը կոչ է արել միջազգային հանրությանը պաշտպանել Արցախի հայերին էթնիկ զտումներից: Ողբերգական պատմությունը կրկնվում է, քանի որ մենք ականատեսն ենք ծավալվող ժամանակակից ցեղասպանության, ասել է նա իր տեսաուղերձում:
«Ադրբեջանի և Թուրքիայի ճիրաններում անթիվ հայեր ապրում են անասելի սարսափներ, ունենում մարդկային կորուստներ, հարկադրված տեղահանություն, սով և մեկուսացում, առաջին անհրաժեշտության ապրանքների անհասանելիություն: Նրանք այն նույն հայերն են, որոնց արմատները խրված են այն հողի մեջ, որը նրանց բազում սերունդներ շարունակ տուն են անվանել»,- ասել է Գիբսոնը:
Նա դիմել է միջազգային հանրությանը, կոչ արել անհապաղ քայլեր ձեռնարկել հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանելու, նրանց անվտանգ անցման համար մարդասիրական միջանցք ստեղծելու: Նա հորդորել է անհապաղ դիվանագիտական միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովվի մարդկանց վերադարձն իրենց տներ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։