Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե սահմանային գոտում է հայտնվել Ադրբեջանի հետ ամբողջ սահմանային գծով, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը: Նա նշեց, որ չի ցանկանում ասել լրացուցիչ տեղեկատվություն: «Կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում մեր կողմից հրապարակված տվյալներով»,- ասաց նա:
«Եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է սահմանի բոլոր հատվածներին. մի տեղ ավել, մի տեղ՝ պակաս, մի տեղ՝ մի զինատեսակ ավել, մի զինատեսակ՝ պակաս, բայց կարևորն այս պահին այն է, որ սահմանային իրավիճակը կայուն է, և լարման միտում գոնե այս պահին չկա»,- շեշտեց փոխնախարարը:
Սարգսյանի խոսքով՝ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, և ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի դինամիկային: «Որևէ փոփոխության դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, մենք անմիջապես կիրազեկենք հանրությանը մեր համապատասխան լրատվական ծառայության միջոցով»,- ասաց նա:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։