Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ ՊԲ-ի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ պաշտպանության նախարարությունում, որովհետև նրանք մեր հայրենակիցներն են և իրենց փորձն ու զինվորական գիտելիքները կարող են ծառայեցնել ՀՀ ԶՈւ-ին, ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այդ առումով ուսումնասիրություն պետք է իրականանացնեն: «Մեր այն զինծառայողների համար, որոնք ցանկություն կունենան ընդգրկվել ՀՀ ԶՈւ-ում ծառայության, ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,- հավաստիացրեց փոխնախարարը:
Նրա կարծիքով՝ դա պետք է կոմունիկացնել կադրային քաղաքականության վարչության միջոցով: «Բնականաբար, մեր արցախահայերը՝ մեր եղբայրներն ու քույրերը, հումանիտար խնդիրների մեջ նաև աշխատանք գտնելու հարցն ունեն որպես օրակարգային և իրենք ՊՆ-ի հետ կապ կստեղծեն որպես զինվորականներ»,- նշեց Սարգսյանը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։