Արցախից տեղահանված մեր քաղաքացիները 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ, Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հիմա գիտեք, որ Կոռնիձոր հասնելու ընթացքը բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում: Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով՝ ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին՝ խցանման մեջ, և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է, կան ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար:
«Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու: Այդ ամբողջ ընթացքը մենք պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ԼՂ-ում միայն պայթյունից տուժած ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել են ԲԿ-ներ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։