Հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Ղարաբաղի տարածաշրջանի սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար ստեղծված աշխատանքային խմբի անդամների այցը Ստեփանակերտ։ Նման որոշում է կայացվել սեպտեմբերի 29-ին Եվլախ քաղաքում տեղի ունեցած Բաքվի և ԼՂ հայերի ներկայացուցիչների երրորդ հանդիպումից հետո,
Ղարաբաղի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովը տեղեկացրել է վերաինտեգրման գործընթացի հետ կապված սոցիալական ծառայությունների ընթացակարգերի և փաթեթի մասին։ Նա նշել է, որ տեղական տնտեսական, կոմունալ և այլ հարցեր լուծելու համար հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Ղարաբաղի տարածաշրջանի սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար ստեղծված աշխատանքային խմբի անդամների այցը Ստեփանակերտ։
Նշվում է, որ հանդիպմանը մանրամասն քննարկվել են հումանիտար հարցեր, Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման հարցը և, մասնավորապես, Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման ծրագիրը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բարձր են գնահատվել քաղաքացիական անձանց «ազատ տեղաշարժի ապահովումը, մարդասիրական օգնություն ուղարկելը, վառելիքի ու պարենի կարիքների բավարարումը» (չակերտները Armenia Today-ի)։ Հայտարարվել է, որ Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները միջոցներ կձեռնարկեն բջջային կապի ծառայությունները, հեռուստատեսային և ռադիոհեռարձակումը կազմակերպելու համար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։