Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջով, հաղորդում է դատարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Երևանը պահանջում է ժամանակավոր միջոցների կիրառում ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով նախատեսված իրավունքների պահպանման և պաշտպանության համար, ինչպես նաև 2021 թ․ դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22 դատարանների որոշումներով նախատեսված Ադրբեջանի պարտավորությունների հաստատում։
Մասնավորապես, հայկական կողմը դատարանից պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի արտաքսմանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված ցանկացած գործողությունից, ինչպես նաև կանխել վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանվածների անվտանգ վերադարձը իրենց տներ, այդ թվում՝ Հայաստան կամ երրորդ երկրներ փախածների։ Բաքուն նույնպես պետք է թույլ տա այն հայերին, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել:
Բացի այդ, հայցը պահանջում է Ադրբեջանից դուրս բերել իր ողջ զինվորական և իրավապահ անձնակազմին Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից, որոնք օկուպացված են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։ Դատարանը պետք է նաև պարտավորեցնի Բաքվին հեշտացնել և չխոչընդոտել ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված գործակալությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին, և խոչընդոտներ չստեղծի Կարմիր խաչի համար՝ նրանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Ըստ հայցի՝ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ, չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի որևէ հուշարձան կամ որևէ այլ հուշարձան կամ հայկական մշակութային իր կամ վայր Լեռնային Ղարաբաղում:
Բացի այդ, դատարանը պետք է Բաքվին հանձնարարի անհապաղ նպաստել Լեռնային Ղարաբաղում հանրային ծառայությունների, այդ թվում՝ գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնմանը և ապագայում ձեռնպահ մնալ դրանց խափանումներից։ Հայցը պահանջում է Ադրբեջանից ճանաչել և կիրառել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերը, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքներն ու ռեգիստրները:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։