Ստեփանակերտում այժմ մնացել է 15 հաշմանդամ քաղաքացի, որոնց տեղափոխելու համար արդեն ուղարկվել են շտապօգնության մեքենաներ, «Հումանիտար կենտրոնի» ուղիղ եթերում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ Շտապօգնության 13 բրիգադ է հասել Ստեփանակերտ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցողներին և այլ անկողնային հիվանդների ՀՀ տեղափոխելու համար:
«Լեռնային Ղարաբաղից 361 հիվանդ, այդ թվում՝ 10 երեխա, այժմ բուժվում է Հայաստանի բուժհաստատություններում: Հիվանդների մեծ մասը՝ 221 մարդ, վառելանյութի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներն են, նրանք գտնվում են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, 114-ը ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած անձինք, 26-ը՝ այլ առողջական խնդիրներով պացիենտներ են»,- ասաց նախարարը:
Նախարարը հայտնել է նաև Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին քաղաքացիների տեղաշարժի ժամանակ գրանցված 14 մահվան դեպքերի մասին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։