Այս շաբաթ ՀՀ ԱԺ կներկայացվի Արցախի՝ որպես երրորդ պետության մաս ճանաչելը քրեականացնելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» նախագիծը, ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարել է հանրաքվեի նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Մեր բոլորի միասնական խնդիրն է Ազգային ժողովի մեծամասնությանը պարտադրել, որպեսզի ընդունեն այս օրենքը և դրանով իսկ արգելափակեն Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում»,- ասել է նա։
Չալաբյանը հայտարարել է նաև, որ Արցախի պետական համակարգը լուծարելու մասին նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրված հրամանագիրը իրավական չէ, քանի որ արվել է ուժի սպառնալիքով։
Սեպտեմբերի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր Արցախի՝ որպես երրորդ պետության մաս ճանաչելը քրեականացնելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» նախաձեռնության կողմից հավաքված ստորագրությունների իսկությունը։
Մայիսի 23-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումը հանդես էր եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար քրեական պատիժներ նախատեսելու համար։ Սա ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը կազմում է 86․600 քառակուսի մետր և ներառում է Արցախը։
Ստորագրահավաքը մեկնարկել էր հունիսի 29-ին Երևանում, իսկ հունիսի 30-ին՝ հանրապետության մյուս քաղաքներում։ Օգոստոսի 31-ին նախաձեռնությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր փոխանցել Արցախի պաշտպանության համար հավաքված 58000 ստորագրությունը։ Շարժման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը սեպտեմբերի 2-ին ասել էր, որ նախագիծը խորհրդարան կներկայացվի հոկտեմբերին։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։