Հոկտեմբերի 1-ի՝ Ժամը 12։00-ի դրությամբ, Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 100․500 անձ, ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․483 անձ հատել է Հակարիի կամուրջը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Երրորդ հանդիպումը՝ սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։