Հոկտեմբերի 1-ի ժամը 20։00-ի դրությամբ՝ Հայաստան է տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21 106 տրանսպորտային միջոց, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը), ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ ավելի վաղ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված ևս մեկ ավտոբուս հենց նոր Գորիս է բերել առողջական խնդիրներ ունեցող մոտ 15 մարդու:
Վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ հղիների թիվը կազմում է 222, հաշմանդամներինը՝ 2105, վիրավորներինը՝ 283:
Ժամը 20:00-ի դրությամբ՝ 48 749 անձ (48%-ը) օգտվել է պետության կողմից առաջարկված կեցավայրերից, որոնց բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալն է՝
Արագածոտնի մարզ ՝ 2 105
Արարատի մարզ՝ 12 445
Արմավիրի մարզ՝ 4 461
Գեղարքունիքի մարզ՝ 3 996
Լոռու մարզ՝ 2 686
Կոտայքի մարզ՝ 11 630
Շիրակի մարզ՝ 2 275
Սյունիքի մարզ՝ 4 592
Վայոց Ձորի մարզ՝ 1 937
Տավուշի մարզ՝ 2 322
Բաղդասարյանը նաև նշել է, որ Հայաստանի ԲԿ-ներում բուժում է ստանում 363 բուժառու, նրանցից 214-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ, 114-ը՝ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացածներ են:
«Մնացյալ բուժառուները տարբեր քրոնիկ կամ թերապևտիկ խնդիրներով են ԲԿ-ներում բուժում ստանում, այդ թվում՝ սրտի ստենդավորմամբ»,- հավելել է վարչապետի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ մեծ է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը, նրանց թվում են նաև երեխաներ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում տեղի ունեցավ Եվլախում։ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Երրորդ հանդիպումը՝ սեպտեմբերի 29-ին՝ Եվլախում։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։