Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
«Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։