Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում այն արագ արձագանքը, որը Եվրոպական միությունը և նրա անդամ պետությունները ցուցաբերել և շարունակում են ցուցաբերել տեղահանված մեր հայրենակիցների առաջնահերթ կարիքների հասցեագրման ուղղությամբ, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Եվրոպական միության ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչի հետ համատեղ ասուլիսում։
«Տեղի են ունեցել մի շարք աշխատանքային արդյունավետ քննարկումներ: Հանձնակատարի հետ խոսել ենք այն հիմնական խնդիրների շուրջ, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության իրագործման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար աջակցության առնչությամբ։ Խոսել ենք տեղահանված և Հայաստանում ապաստան գտած ավելի քան 100 հազար մեր հայրենակիցների հրատապ կարիքների գնահատման, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, հոգեբանական, ֆինանսական աջակցության հարցերի շուրջ»,- ասել է նա։
Լենարչիչն իր հերթին նշել է, որ Հայաստանում է՝ ցույց տալու Եվրամիության համերաշխությունը ՀՀ-ի, հայ ժողովրդի և, մասնավորապես, Ղարաբաղից տեղահանված մարդկանց և դատապարտել Ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունը Ղարաբաղի հայ բնակչության դեմ։
«Ինչպես գիտեք, այս ռազմական գործողությունը հանգեցրել է ավելի քան 100 հազար մարդկանց տեղահանմանը դեպի Հայաստան։ Ես վստահեցնում եմ Հայաստանին ու հայ ժողովրդին, որ այս դժվարին իրավիճակում կարող են ապավինել Եվրամիության ամբողջական աջակցությանը։ Ղարաբաղի բնակչության դեմ ադրբեջանական ուժերի վերջին ռազմական գործողությունից անմիջապես հետո Եվրամիությունը ժամանել է այդտեղ: Մենք շատ արագ մոբիլիզացրել ենք ավելի քան 5 միլիոն եվրո հումանիտար աջակցություն, մի քանի օր անց կրկնապատկել ենք այն, և այսօրվա դրությամբ տրամադրել ենք ավելի քան 10 միլիոն եվրո հումանիտար աջակցություն՝ առաջին հերթին օգնելու համար այն մարդկանց, ովքեր տեղահանվել են Ղարաբաղից։ Բացի այդ, մենք մոբիլիզացրել ենք Եվրամիության հումանիտար օգնության պարագաների պաշարը, որը մոտակա ժամերին կուղարկվի Հայաստան՝ հումանիտար աջակցության կարիք ունեցող մարդկանց համար»,- ասել է նա։
Սեպտեմբերի 22-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր 500.000 եվրոյի մարդասիրական օգնության մասին՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը աջակցելու համար։ Հոկտեմբերի 6-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
: