Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ կայացել է հանդիպում, հայտնում է ՀՀ էկոնոմիակայի նախարարությունը:
«Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել ԼՂ-ում գրանցված ընկերությունների վերագրանցման, տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնելու համար նոր լիցենզիաների տրամադրման, նոր հողակտորների ձեռքբերման, գյուղոլորտի տարբեր ծրագրերից օգտվելու կարգի, բանկային համակարգի հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև «Մանթաշյանց» գործարարների միության Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անդամները։
Հոկտեմբերի 7-ին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարները կարող են վերսկսել իրենց բիզնեսը Հայաստանում և հայտնել հեկտմբերի 9-ին կայանալիք հանդիպման մասին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։