«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է ««Թումո»-ն Արցախի պատանիների համար» նախաձեռնության մեկնարկի մասին՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված 12-18 տարեկան պատանիների համապարփակ և բազմակողմանի աջակցություն տրամադրելուն։
Նշվում է, որ բազմամյա նախաձեռնությունը արցախցի պատանիների կողքին կլինի` իրականացնելով հետևյալ գործողությունները.
• Շարունակական մոնիթորինգ՝ գնահատելու համար պատանիների բնակարանային, առողջապահական, հոգեկան առողջության, կրթության ֆինանսավորման, սարքավորումների հասանելիության, բուհական ընդունելության, կարիերայի խորհրդատվության և այլ ծառայությունների կարիքները:
• Կապի պահպանում Արցախից տեղահանված յուրաքանչյուր պատանու հետ՝ այս պահից մինչև նրանց 19 տարեկանը լրանալը կամ մինչև այլևս աջակցության կարիք չունենալը:
• Դրամահավաքների իրականացում և հավաքագրված միջոցների ուղղորդում դեպի ծառայություններ մատուցող կազմակերպություններ:
• Շահերի պաշտպանի դերի ստանձնում՝ ապահովելով պատանիների կապը ծառայություններ տրամադրող կառույցների հետ:
• Թումոյի կրթական ծրագրին միանալու համար անհրաժեշտ աջակցության տրամադրում:
«Սիրելի՛ արցախցի պատանիներ և ծնողներ, նախաձեռնության շրջանակներում աջակցություն ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել +37410398413 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։