ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 234 անձ դեռ շարունակում է բուժում ստանալ, նրանցից 76-ի վիճակը ծանր է:
«Այսօրվա դրությամբ հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում բուժումը շարունակում է 234 անձ, նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։ 7 երեխա առողջական միջին ծանրության վիճակով շարունակում է իր բուժումը»,- ասել է նա։
Բաղդասարյանը հավելել է, որ կան բուժառուներ, որոնց տեղափոխել են Բուլղարիա, Ֆրանսիա, Իսպանիա և այլ երկրներ։
«Նախարարությունից մեզ փոխանցել են, որ 21743 անձ արդեն իսկ կցագրվել է առողջության պահպանության առաջնային օղակներում, որտեղից անհրաժեշտության դեպքում կարող են ուղեգրվել և պետական պատվերի շրջանակներում անցնել համապատասխան բուժումը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։