ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՀՀ ԱԽ-ն։
Նշվում է, որ քննարկման շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները:
Գերատեսչության փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։