ԱՄՆ-ն որոշել է ժամանակավորապես դադարեցնել Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող իր հյուպատոսության աշխատանքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Անկարայում ԱՄՆ դեսպանատանը։
Նշվում է, որ հյուպատոսությունը փակելու որոշումն ընդունվել է հոկտեմբերի 18-ի գիշերը Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով բողոքի ցույցից հետո։ «Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մեծ ցույցեր են սպասվում Իսրայելում և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Թուրքիայում»,- գործակալությունը մեջբերում է հյուպատոսության հայտարարությունը:
Դիվանագիտական առաքելությունը նաև հրահանգել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ կառավարության աշխատակիցներին նվազագույնի հասցնել տեղաշարժը և խուսափել Ադանայի հյուպատոսական շրջան մեկնելուց:
Գործակալությունը նշում է, որ անցած գիշեր մի քանի հարյուր մարդ հավաքվել է Ադանայում՝ բողոքելու Գազայում Իսրայելի գործողությունների և Ալ-Ահլի հիվանդանոցի վրա հարձակման դեմ։ Ցուցարարները քարեր են նետել ԱՄՆ հյուպատոսության արտաքին պարագծի վրա, ներխուժել արտաքին պարագծով և ոչնչացրել տեսախցիկները։ Ոստիկանությունը կիրառել է հատուկ տեխնիկա, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։