Մոսկվայում կայացել է Armenian Business Forum 2024-ը, որը կազմակերպվել է «Հայ գործարարների ասոցիացիայի» (ՀԳԱ) կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Կազմակերպիչների և համաժողովի աջակիցների նպատակն է ներդրումների միջոցով ընդհանուր ջանքերն ուղղել Հայաստանի զարգացմանը և նպաստել երկրի ներդրումային գրավչությանը։
Համաժողովը համախմբել էր շուրջ չորս հարյուր մասնակիցների Հայաստանից և Ռուսաստանից՝ ինչպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ սկսնակ ձեռներեցների: Ծրագրի շրջանակում անցկացվել են պանելային քննարկումներ, հանդիպումներ ուսանողների հետ, շնորհանդեսներ և նախագծերի քննարկումներ:
Համաժողովում ելույթ է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայ գործարարների ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով՝ պատմականորեն Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, և հայ գործարար համայնքի խնդիրն է պահպանել և ընդլայնել այդ հարաբերությունները, համախմբել և կամուրջ դառնալ երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացմանը:
Կարապետյանը նշել է, որ արցախցիներին օգնելը շարունակելու է մնալ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի առաջնահերթությունը, և կոչ է արել հայրենակիցներին առավելագույն մասնակցություն ու աջակցություն ցուցաբերել։
Բիզնես միջոցառման մասնակիցները «Հայ-ռուսական ինտեգրում՝ նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության արդի ասպեկտները, ինչպես նաև ամփոփել են «Հայ գործարարների ասոցիացիայի» անցած տարվա գործունեությունը: Քննարկմանը Սամվել Կարապետյանից բացի մասնակցել են «Ավիլոն» ընկերությունների խմբի համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Comedy Club production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը և երկու երկրների գործարար աշխարհի այլ ներկայացուցիչներ։
Սամվել Կարապետյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել տնտեսական օրակարգի արդի և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ամրապնդել փոխվստահությունը, ձգտել խորացնել տարբեր ոլորտներում գործարար կապերն ու երկխոսությունը։ «Փոխշահավետ պայմաններով միմյանց լսելը, հարգելը և փոխըմբռնումը՝ ահա սրանք պետք է դրվեն մեր հարաբերությունների հիմքում»,- նշել է Կարապետյանը։
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանն ամփոփել է ներդրումային ծրագրի արդյունքները, որի մասին առաջին գործարար համաժողովի ժամանակ 2021 թվականին հայտարարել էր «Տաշիր« ընկերությունների խմբի նախագահը։
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բրենդների պատմության «Արտադրված է Հայաստանում» խորագրով ռեպորտաժները, որոնք ներդրումներ են ստացել «Հայ գործարարների ասոցիացիայից»։
Armenia Today-ը Armenian Business Forum-ը լուսաբանում է 2021 թվականից: 2022 թվականի հունիսին Buissup Conference հարթակը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ միավորել է Հայաստանի ավելի քան 1000 երիտասարդ սթարթափներ: Հայ գործարարների ասոցիացիայի իրականացրած ծրագրերի մասին Armenia Today-ին 2022 թվականի մայիսին պատմել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:
2022 թվականի սեպտեմբերին Երևանում անցկացվել է Buissup Global Forum 2022-ը, որի ստարտափ նախագծերի մրցույթին ներկայացվել է շուրջ 50 նախագիծ 200 երիտասարդ գործարարներից, լավագույն ստարտափները ներդրումներ են ստացել Հայ գործարարների ասոցիայից և «Տաշիր» ընկերությունների խմբից: Armenia Today-ը 2023 թվականին պատրաստել է ռեպորտաժների շարք՝ բիզնեսի զարգացման համար ներդրումներ ստացած Հայ գործարարների ասոցիացիայի Buissup Global Forum մրցույթի հաղթող հայկական ստարտափների մասին: