Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը հավատարիմ են մնում այդ սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական, 2024թ․ բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Այդ սկզբունքներն են՝ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29․800 քառ կմ է, Ադրբեջանինը՝ 86․600 քառ կմ։ Այս թվերը վերցված են ԽՍՀՄ վերջին հանրագիտարաններում արձանագրվածից։ Հաջորդ սկզբունքն է՝ կողմերը համաձայնում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է ԽՍՀՄ ժամանակ ՀՀ և Ադրբեջանի միջև գոյություն ուենցած ադմինիստրատիվ սահմանները ճանաչել պետական սահմաններ»,- ասել է վարչապետը։
Հաջորդ սկզբունքը, նրա խոսքով, այն է, որ կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները, որոնք գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով։ Ըստ նրա՝ կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է անվտանգությունը և դրանցով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցումը։
Անդրադառնալով հարևանների հետ հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ նախատեսում են շարունակել Վրաստանի և Իրանի հետ բարեկամական համագործակցային հարաբերությունները, Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրել։
Նա վստահեցրել է, որ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը հավատարիմ են մնում դրանց, ապա պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական։
Փաշինյանն անդրադարձել է նաև «հայրենիք» և «պետություն» գաղափարներին։
«Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ։ Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է այն թեզից, որ մեր անկախության 32 տարվա ընթացում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և հայրենքի շահերի միջև առկա կամ շարունաբար մեծացող լարումը»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ պետք է ընտրություն կատարել պետության ու հայրենիքի միջև։ Ըստ նրա՝ պետությունը միակ ու անփոխարինելի հայրենիքն է ու պետությունը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելը և զարգացնելը, այդ գործին նպաստելը հայրենասիրության գերադրական աստիճանն են։
Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ տարածքի 29․800 քառ․կմ լինելու մասին Ազգային ժողովի ամբիոնից իր արած հայտարարությանը հետևած բազահազարանոց ցույցից ակնհայտ է դարձել, որ «մենք մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք, ինչը ոչ այնքան չիմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների և ձախողումների անկյունաքար»։
Մանրամասները՝ տեսանյութում