Ամերիկաբնակ հայազգի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղում Բաքվի գործողություններն անվանել է էթնիկ զտումներ և կոչ է արել համաշխարհային ուժերին հասնել ադրբեջանական բանտից Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ազատ արձակմանը։
«Ես իսկապես հուսով եմ, որ համաշխարհային տերություններն անտարբեր չեն մնա, քանի որ այս ամենը նպաստում է ավելի ու ավելի շատ անարդարության և անպատժելիության, և ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք դրա դեմ»,- ասել է նա և ընդգծել, որ Արցախի առաջնորդների ձերբակալությունները նպատակ ունեն հոգեբանական ճնշման ենթարկել աշխարհի 10 միլիոն հայերին։
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հոկտեմբերի 12-ին պատմել էր ադրբեջանական գերության մեջ գտնվող հոր հետ հեռախոսազրույցի մասին։ «Նա զանգել է մայրիկիս, ես ներկա չեմ եղել։ Ասել է, որ լավ վիճակում է, որ կարոտում է: Մենք էլ նրան ենք կարոտում»,- ասել էր Դավիթ Վարդանյանը։
Հոկտեմբերի 24-ին ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ իրենց աշխատակիցներն այցելել են սեպտեմբերի 19-ից հետո Բաքվում կալանավորված բոլոր պաշտոնյաներին: