Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ է առաջացնում մեզ համար, այն ակնհայտորեն մեզ շեղելու փորձ էր մեր հիմնական՝ խաղաղության օրակարգից, Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մեր հիմնական արտաքին քաղաքական խնդիրն է՝ կայուն անվտանգային միջավայր ապահովել ՀՀ շուրջ․ այն է՝ ՀՀ չորս հարևանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում՝ առանձին երկրների հետ սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը: Իմ խորին համոզմամբ՝ սա է այն միջավայրը, որում մեր երկիրը կարող է և շանս ունի իր շարունակական գոյությունն ու զարգացումն ապահովել»,- համոզմունք է հայտնել նախարարը՝ հավելելով, որ սպառնալիքներից բացի կան նաև ահռելի, շոշափելի հնարավորություններ, որի ճանապարհն անցնում է խաղաղության խողովակով:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։