ԿԸՀ-ն նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում ընդունված արձանագրությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ կալանքի տակ գտնվող Լևոն Քոչարյանին, պատգամավորի մանդատ է փոխանցվել։
««Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։ Այսպիսով՝ պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին»,- հայտնում են ԿԸՀ-ից։
Լևոն Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից:
«Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար, կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ուստի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով»,- հայտարարել են փաստաբանական խմբում։
Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել է, որ նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:
Նոյեմբերի 5-ին կալանավորված Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբից հաստատել էին, որ իրենց պաշտպանյալը պատգամավոր է դառնալու։
Նոյեմբերի 3-ին հայտնել էինք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Անժելա Նալբանդյանը (դաշինքի նախընտրական ցուցակի 48-րդ համարը) չի վերցնի պատգամավորական մանդատը, որը պետք է ստանար դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանի, Միհրդատ Մադաթյանի (դաշինքի ընտրական ցուցակի 47-րդ համար) և Գերասիմ Վարդանյանի (դաշինքի նախընտրական ցուցակի 49-րդ համարը) կողմից պատգամավորական մանդատներից հրաժարվելուց հետո։ Դաշինքի ցուցակում հաջորդը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը։
Նոյեմբերի 2-ին «Հրապարակը» գրել էր, որ դաշինքը որոշել էր մանդատը փոխանցել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին (դաշինքի նախընտրական ցուցակի 50-րդ համարը), ով կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին ( հոկտեմբերի 19-ին դատարանը երկարացրել էր կալանքը երկու ամսով): «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր այս տեղեկությունը և հորդորել էր արել սպասել հայտարարությունների։
Սեպտեմբերի 22-ին կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։