Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական իշխանությունն ուղղակի դարձրել է իր քաղաքական խաղերի հերթական զոհը, որով լեգիտիմացնելու նպատակ ունի իր հանցանքներն ու նվաստանցելու հայ ժողովրդին, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
«Ակնհայտ էր չէ՞, որ ադրբեջանական դատարանը 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին չէր էլ արդարացնելու կամ ազատ չէր արձակելու: Պարզ էր չէ՞, որ այդ իբր դատական գործընթացը լինելու էր կեղծ ապացույցներով բեմադրություն և անարդարության մարմնավորում»,- գրել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ 15 տարի զրկել մարդուն ազատությունից, այն էլ խիստ պայմաններում պահել Բաքվի բանտում, չի տալիս որևէ երաշխիք, որ առողջական խնդիրներով տարեց արցախցին ի վիճակի կլինի դիմակայել ադրբեջանական թշնամանքի այդ մթնոլորտում:
«Իսկ դեռ քանի՞ այդպիսի անմեղ քաղաքացի է ադրբեջանական թիրախում, դեռ որքա՞ն է տիրելու այս անպատժելիություն։ Հարցեր, որոնց լուծումները, թեև հրատապ են, բայց այս պահին, ցավոք, բացակայում են»,- գրել է նա:
Թաթոյանն ընդգծել է՝ մի բան հստակ է, քանի դեռ Հայաստանի գյուղերի և քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ, ՀՀ քաղաքացիները շարունակելու են գտնվել վտանգի տակ, իսկ ադրբեջանական կողմի հանցավոր արարքները շարունակվելու են, քանի դեռ այդ երկրի ֆաշիստական իշխանությունը գործում է պատասխանատվության բացակայության պայմաններում:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվի դատարանը Հակարիի կամրջին ապօրինի առևանգված և կեղծ մեղադրանքներով կալանավորված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Նշվում էր, որ 5 տարին նա կանցկացնի բանտում, իսկ պատժի մյուս մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։ Խաչատրյանը չի ընդունել մեղադրանքները և խնդրել է արդարացնել իրեն: «Ես անմեղ մարդ եմ, այդ մարդիկ ինձ այնտեղ չեն տեսել»,- ասել է նա:
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Նույն օրը Ադրբեջանի դատախազությունը հայտարարել էր Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։
Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ն Ադրբեջանին ժամանակ տրամադրել: