Բուդվայում նոյեմբերի 12-ին մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մոնտենեգրոյում ընթացող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը ռինգից հաղթանակած է հեռացել 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, որի մրցակիցը գերմանացի Միշել Սիմենսն էր։ Հայ մարզիկը թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես գերազանցել է մրցակցին ու հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ։
Մրցաշարի գործող փոխչեմպիոն, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը վստահ հաղթանակ է տոնել Ռումինիան ներկայացնող Մարիան Սալիի նկատմամբ։ Մեր մարզիկը նոկդաունի է ենթարկել մրցակցին։ Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5։0 հաշվով միաձայն հաղթանակը շնորհել են Ասլիկյանին։
Նոյեմբերի 13-ին` մրցումային երկրորդ օրը, ռինգ դուրս կգա Հենրիկ Ճղրիկյանը։