ԿԽՄԿ-ն նոյեմբեր ամսվա սկզբին առաջին անգամ տեսակցել է սեպտմեբերի 19-ի ռազմական գործողությունների առնչությամբ ձերբակալված հայերին, որոնց գերեվարման փաստերը նոր է ստացել։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Նոյեմբերի սկզբին տեսակցել ենք նոր անձանց, որոնք ձերբակալվել են սեպտեմբերի 19-ի գործողությունների առնչությամբ: Առաջին անգամ կարողացանք նրանց տեսակցել»,- ասաց Ամատունին՝ չհայտնելով նրանց թիվը:
«Նման տեղեկություն, առհասարակ, չենք կարող տրամադրել, սակայն ընտանիքները տեղյակ են այդ մասին, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասաց ԿԽՄԿ ներկայացուցիչը և հավելեց, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց հարազատների հետ:
Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչներին, որոնք պահվում են Բաքվում, ապա ԿԽՄԿ-ն այս անգամ նրանց չի տեսակցել։ Վերջին հանդիպումը 8 պաշտոնյաների հետ կայացել է հոկտեմբերի 20-ին։ Այն ժամանակ տեսակցել էին նաև ավելի վաղ գերության մեջ հայտնված անձանց։
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել էր Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։