Ռուսաստանն Իսրայելի իշխանություններին կոչ է արել օրենքի շրջանակներում ապահովել Երուսաղեմի հայկական թաղամասի հարցի արդարացի լուծումը, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Մենք կարծում ենք, որ երկրի բոլոր կրոնական համայնքների իրավունքները պետք է պաշտպանվեն համաչափ։ Դեմ ենք ցանկացած անօրինական գործողությունների, որոնք ուղղված են Երուսաղեմի հին քաղաքում պատմականորեն հաստատված էթնո-դավանական հավասարակշռությունը փոխելուն՝ ներառյալ դարեր շարունակ այնտեղ ապրող քրիստոնյաների, նրանց սրբավայրերի և ունեցվածքի վրա հարձակումների»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Զախարովան նշել է նաև, որ Մոսկվան անհանգստացած է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ սադրիչ գործողությունների հաճախակիացման մասին տեղեկություններից՝ մեկնաբանելով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը։
«Մենք ուշադրություն հրավիրեցինք այն կոնֆլիկտային իրավիճակին, որը ձևավորվել է Հին քաղաքում գտնվող հայկական այգիների շուրջ. դրանք վեճի առարկա են դարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և իսրայելական կարգավորման կողմնակից կազմակերպություններից մեկի միջև։
Չսպասելով դատավարության արդյունքներին՝ նրա ներկայացուցիչները սկսել են վիճելի վայրում հյուրանոցային համալիրի կառուցման նախապատրաստական աշխատանքները, ինչը հանգեցրել է բախումների տեղի հայերի և հրեա արմատականների միջև»,- նշել է Զախարովան։
Նոյեմբերի 8-ին Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Յակոբ Ճռնազեանը հայտնել էր, որ Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման համար դատական պայքար է ընթանում, կարող են դիմել նաև ՄԻԵԴ։
Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ պատրիարքությունը նամակ է ուղարկել «Xana Gardens Ltd»-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Գոգչյանը տեղեկացրել էր նաև, որ նամակին պատասխան տալու փոխարեն երկրորդ կողմը սկսել է կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:
Ճռնազեանը 2023 թվականի հունիսի 21-ին BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին շքեղության զարգացման համար» փոխանցելու մասին։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը, ըստ հրապարակման, ընդունել էր, որ հողի վարձակալության պայմանագիր է կնքել, սակայն ասել էր, որ դարձել է իր ենթակայի՝ տեղի հայկական եկեղեցու քահանա Խաչիկ Երիցյանի խաբեության զոհը, ով ավելի ուշ հեռացվել էր: