Արցախի ԱԺ պատգամավորների՝ նոյեմբերի 28-ին նախատեսված նիստը մինչ այժմ չի կայացել, հայտնել է «Հրապարակ»-ը: Լրատվականը նշել է, որ ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ նիստի կայանալուն խոչընդոտել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ով մեկ օր առաջ հանդիպել է «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցության պատգամավորների հետ ու խնդրել է նիստը հետաձգել, մինչև որոշ հարցեր ճշգրտի։
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատել է՝ հանդիպում պատգամավորների և Արցախի նախագահի միջև, իսկապես, եղել է, բայց Շահրամանյանը խոսել է նիստ հրավիրելու անհրաժեշտության և կարևորության մասին։
«Նախագահի հետ հանդիպմանն ընդհանրապես նիստ հետաձգելու մասին խոսք չի գնացել, ճիշտ հակառակը՝ նիստ հրավիրելու կարևորության մասին Շահրամանյանն է ընդգծել։ Մենք` պատգամավորներս, որոշում ենք կայացրել այս շաբաթվա ընթացքում նիստ անցկացնել։ Շաբաթը չի ավարտվել, ուստի կարիք չկա տապալման մասին խոսել»,- ասել է նա:
Արցախի նախագահի և խորհրդարանի պատգամավորների հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ, մինչև Շահրամանյանի՝ 44-օրյայի քննիչ հանձնաժողով ներկայանալը։
Իսկ խորհրդարանի՝ նախապես նշանակված երեքշաբթի օրվա նիստը չի կայացել «տեխնիկական» պատճառներով, քանի որ լիագումար նիստից առաջ նախ պետք է գլխադասային հանձնաժողովը նիստ անցկացնի, քննարկի օրակարգային նախագծերը, ապա նոր դրանք մտնեն լիագումար նիստի օրակարգ։
Հակոբյանը մեկ անգամ ևս հայտարարել է, որ Սամվել Շահրամանյանն իրենց չի ասել, թե բանակցում է Բաքվի հետ՝ արցախցիների վերադարձի հարցի շուրջ, առավել ևս աբսուրդ է, թե այդ պատճառով կարող էր խնդրել, որ հետաձգեն ԱԺ նիստը։ Հակոբյանը հաստատել է տեղեկությունը, որ առաջիկա նիստի օրակարգում երկու հարց է լինելու՝ նոր պատգամավորների երդմնակալության և Արցախի հարցով միջազգային հանձնախմբի ձևավորման մասին: