73 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Բաբայանը, հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունը։
Նշվում է, որ կինոռեժիսորի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «ՌՈՏՈՆԴԱ» սգո սրահում (Դավիթ-Բեկի 83), հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրից։
Սուրեն Գուրգենի Բաբայանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 18-ին։ 1973 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, 1974-1975 թվականներին հանդես է եկել որպես դերասան Երևան հեռուստաթատրոնում։ 1980 թվականին ավարտել է Մոսկվայի ռեժիսորա-սցենարական բարձրագույն դասընթացները (Նիկիտա Միխալկովի արվեստանոցը)։ 1980 թվականից եղել է Հայֆիլմի ռեժիսորը։
Բաբայանի ֆիլմերն են՝ «Չեզոք իրավիճակ», «Արարման ութերորդ օրը» (Ֆ. Գորենշտեյնի հետ, Տրիեստի միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ՝ 1982 թվական), «Սիրամարգի ճիչը» (Միքայել Դովլաթյանի հետ), «Ֆրունզե Դովլաթյան» (Միքայել Դովլաթյանի հետ), «Տասներեքերորդ առաքյալը» (1987 թվական, Ռիգայի միջազգային կինոփառատոնի «Բալթիկայի աստղ» մրցանակ՝ 1988 թվական), «Դեմքով դեպի պատը» (Միքայել Դովլաթյանի և Գ. Նիկոլաևի հետ), «Արյուն» (Գ. Նիկոլաևի հետ), «P.S.», «Գյումրի-ռեվյու», «Խենթ հրեշտակը» (Ա. Հովսեփյանի հետ), «Ժանո», «Մի նայիր հայելուն»։