ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել, որ ՌԴ-ն համարժեք չի արձագանքում տարածաշրջանում Ադրբեջանի ու ՀՀ քայլերին:
Նրա խոսքով՝ միայն ՀՀ ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ 2020թ.-ից հետո Ադրբեջանը բազմաթիվ անգամներ իրեն շատ վատ է դրսևորել որպես ՌԴ դաշնակից՝ սկսած ռուս զինվորներին սպանելուց մինչև պայմանավորվածությունների խախտում: «Ադրբեջանն, ինչ ցանկացել, մեր տարածաշրջանում արել է, բայց Ռուսաստանը չի արձագանքել: Ռուսական կողմը մեծ աղմուկ բարձրացրեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Ուկրաինա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել, բայց ոչ մի ձայն ՌԴ ԱԳՆ-ից չլսեցինք»,- շեշտել է նա:
Նա հավելել է, որ ՌԴ-ն Հայաստանի պարագայում շատ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում կամ չի կարողանում, կամ ձև է անում, որ չնկատի, որպեսզի «լավ դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»:
Սիմոնյանի կարծիքով՝ ռուսական կողմը շանս ունի ցույց տալ, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին, բայց չի ազդելու ՀՀ որոշման վրա՝ ապահովել ՀՀ անվտանգությունը:
Իսկ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը ՀՀ ԱԺ նախագահը բացատրել է նրանով, որ կան չլուծված հարցեր:
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։