Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը, ասված է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև համաձայնությունը հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ է քաշել «բոլորը բոլորի համար» սկզբունքով կալանավորներին փոխանակելու գաղափարը։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ»,- ասված է հայտարարության տեքստում։
Զախարովան հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների հարցում։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ ողջունում է Երևանի որոշումը՝ որպես բարի կամքի դրսևորում, հրաժարվելու իր երկրի թեկնածությունից՝ հօգուտ Ադրբեջանի՝ 2024 թվականի նոյեմբերին ընդունելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանը, ինչպես նաև Բաքվի աջակցությունը Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված ՀՀ թեկնածությանը:
Նշված է, որ ռուսական կողմը շփումներ է ունեցել Բաքվի և Երևանի հետ՝ նպատակ ունենալով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շուրջ ընդհանուր համաձայնության։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ ՀՀ-ն 2 ադրբեջանցի զինծառայողների։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ազատ արձակվող զինվորականների ցանկում չկան Արցախի նախկին ղեկավարները։