Հայաստանում վերաբնակեցված արցախցի դպրոցականների հոգեբանական աջակցության համար Համաշխարհային բանկի Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամից ստացվել է 2,9 մլն դոլարի դրամաշնորհ, հայտնել է բանկի մամուլի ծառայությունը։
«2,9 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը կաջակցի տեղահանված երեխաների և դեռահասների սոցիալական ներառմանը Հայաստանի դպրոցներում, ինչպես նաև դպրոցի անձնակազմի կարողությունների զարգացմանը և ուսուցմանը` անհատական հոգեբանական աջակցություն տրամադրելու տեղահանված երեխաներին և դեռահասներին, նրանց ընտանիքներին և ընդունող համայնքների ուսանողներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դպրոցներում արցախցիների ինտեգրմանը նպաստող ծրագիրը կիրականացվի «Teach for Armenia» հիմնադրամի կողմից Հանրապետության 2000-ից ավելի դպրոցներում՝ Կրթության նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Արցախի դեմ, որն ավարտվել է սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար մարդ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ արցախցի գրեթե 15 հազար երեխա Հայաստանում դպրոց է հաճախում։