ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դոնալդ Տուսկին հղած շնորհավորական ուղերձում անդրադարձել է Արցախի հարցին:
«Ձեզ ուղղված իմ վերջին նամակը՝ գրված 17.10.2020թ., իմ Հայրենիքի մի մասում՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետությունում) հայ ժողովրդին բնաջնջումից փրկելու համար Ձեր հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտության խնդրանքս էր՝ որպես Եվրոպայում հայտնի առաջատար քաղաքական գործչի»,- գրել է Սարգսյանը:
Նա ցավով արձանագրում է, որ կանխատեսած «մեծ ողբերգությունը» տեղի ունեցավ. 21-րդ դարում, քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, Արցախում հայ ժողովուրդը էթնիկ զտման ենթարկվեց հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանի կողմից:
«Հարյուր հիսուն հազար հայերից ոչ ոք չմնաց իր բնօրրանում: Բայց հիմնախնդիրը, մեր համոզմամբ, լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ»,- ընդգծել է նախկին նախագահը՝ շնորհավորելով Տուսկին:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։